Druckversion   

Թարգմանիչների եվրոպական կենտրոն Շտրալենում

 

Շտրալենում չեն սովորեցնում և չեն ստիպում թարգմանել, այստեղ „միայն“ թարգմանում են, բայց իդեալական պայմաններում: Աշխարհի բոլոր ծայրերից թարգմանիչները որևէ հրատարակչության պատվերով և պայմանագրով գալիս են Շտրալեն թարգմանություն կատարելու, այստեղ նրանք թարգմանելիս կարող են օգտագործել բազմաբնույթ օժանդակ միջոցներ, հանդիպել գործընկերներին, համագործակցել, խորհուրդներ և փորձ փոխանակել:

 


Սկզբում գաղափար ծնվեց գեղարվեստական թարգմանիչների համար հանդիպման վայր ստեղծել, որը կծառայեր փորձի փոխանակմանը, արդյունավետ աշխատանքին և սահմանամերձ այս քաղաքում գրավոր տարբեր մշակույթների օջախ կդառնար:

 

 

Այդ գաղափարը դարձել է իրականություն և նրա անունն է „Թարգմանիչների եվրոպական կենտրոն, Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի Շտրալեն քաղաքում“: Կենտրոնը հիմնադրվեց Սամուել Բեքետի, Հայնրիխ Բյոլի և Մաքս Ֆրիշի հովանավորությամբ 1978 թվականին: Այն աշխարհում գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականության թարգմանիչների առաջին և ամենամեծ աշխատանքային կենտրոնն է:

 

 

1978 թվականից սկսած Թարգմանիչների կենտրոնը զգալիորեն ընդարձակվել է: Այժմ կենտրոնն իր տրամադրության տակ ունի 2500 քառակուսի մետր բնակելի տարածք, որտեղ առկա են գրադարաններ, հավաքույթների սրահներ, երկու շատ լավ կահավորված խոհանոց, 30 սենյակ ապրելու և աշխատելու համար:

 


Կենտրոնի ամենակարևոր հարստությունը 110000 կտոր գրականությամբ հագեցած գրադարանն է, հյուրերի տրամադրության տակ են 25000 բառարան ավելի քան 275 լեզուներով և բարբառներով/աֆրիկանսից մինչև զուլու լեզուներ/, համաշխարհային գրականության 60000 կտոր գեղարվեստական գրականություն բնագրով և թարգմանություններով, 25000 կտոր գիտահանրամատչելի գրականություն: Կենտրոնի գրադարանը գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականության աշխարհում ամենամեծ գրապահոցն է:

 

 

Կենտրոնն ունի վերջին սերնդի 40 համակարգիչ, ինչպես նաև օտարալեզու ստեղնաշարի մեծ ընտրություն: Բոլոր համակարգիչներն ունեն Wlan/WiFi-ով ինտերնետին միանալու շուրջօրյա հնարավորություն ողջ տարվա ընթացքում:

 

 

Տարեկան մոտ 750 թարգմանիչ է գալիս աշխարհի բոլոր ծայրերից Շտրալեն, որտեղ այս տարիների ընթացքում մոտ 25000 թարգմանություն է ստեղծվել:

 

 

Շտրալենը Հոլանդիային սահմանամերձ փոքրիկ ու գողտրիկ քաղաք է: Քաղաքի մերձակայքում աճեցնում են ծաղիկներ և բանջարեղեն: Գերմանիայի ուրիշ  ոչ մի բնակավայրում այդքան շատ ծաղիկներ ու բանջարեղեն չեն աճեցնում: Այդ պատճառով էլ Շտրալենը անվանում են „Ծաղիկների քաղաք“:

 

 

Հասցեն՝
Europäisches Übersetzer-Kollegium
Kuhstraße 15-19, 47638 Straelen
Deutschland
Telefon 0049-2834-1068, Fax 0049-2834-7544
E-Mail: euk.straelen(at)t-online.de

 


Ins Armenische übersetzt von Gayane Ginoyan